Հոլիվուդում Թրամփի անվանական աստղի մոտ ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է իրականացնելու. TMZ
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի ոստիկանությունն այժմ շուրջօրյա ռեժիմով հսկելու է Հոլիվուդի «Փառքի ծառուղում» Դոնալդ Թրամփի անվանական աստղը, որն ավելի վաղ հարձակման էր ենթարկվել վանդալի կողմից: Այդ մասին հայտնում է TMZ տեղեկատվական պորտալը:
Նորընտիր նախագահ Թրամփի քաղաքական հայացքների հակառակորդը հոկտեմբերի վերջին ծանր մուրճով հարվածել էր անվանական աստղին, որը Թրամփը ստացել էր «հեռուստատեսության զարգացման մեջ ունեցած ավանդի համար»:
Վանդալը եղել է ճանապարհային աշխատողի հագուստով: Այդ պատճառով նրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել, բացի այդ, նա այդ քայլին դիմել է առավոտյան ժամը վեցին:
Թրամփի աստղը վերականգնվել է:
«Այժմ Լոս Անջելեսի ոստիկանությունը երկու ոստիկան կկանգնեցնի այդ շրջանում, որտեղ նրանք շաբաթը յոթ օր 24 ժամ պարեկություն կիրականացնեն՝ ի լրումն հարևանությամբ կանգնեցված ոստիկանական մեքենայի»,- ասել են քաղաքի ոստիկանությունում աղբյուրները:










