Եվրախորհրդարանը հավանություն է տվել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման որոշմանը
Եվրախորհրդարանում ավարտվել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման հարցով քվեարկությունը: 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով կառույցն ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ երկրում շարունակվող բռնաճնշումների համար: Նա կոչ է արել Թուրքիայի նախագահին հետ կանգնել բռնած ուղուց և բռնել Եվրոպայի՝ ժողովրդավարության ուժեղացման համար Թուրքիային մեկնած ձեռքը:
Շուլցը, մասնավորապես, նշել է, որ երկրում տեղի ունեցող ահաբեկչություններն ու զինված բախումները չեն կարող կապվել ընդդիմադիրների ձերբակալությունների հետ և որ նման մոտեցումն իրենց կողմից անընդունելի է:
Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին:










