Յանուկովիչի՝ տեսակոնֆերանսի միջոցով հարցաքննությունը պատրաստվում է լուսաբանել ԶԼՄ-ների մոտ 300 ներկայացուցիչ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հարցաքննությունը որպես վկա պատրաստվում է լուսաբանել ԶԼՄ-ների 286 ներկայացուցիչ: Այդ մասին հայտնել են Կիևի Սվյատոշինսկի վարչական շրջանի դատարանում, գրում է segodnya.ua-ն:
«Շատ ռուսական լրատվամիջոցներ են հավատարմագրվել»,- ասել են դատարանում:
Ինչպես հիշեցնում է կայքը, Կիևի Ինստիտուտսկայա փողոցում Եվրամայդանի 48 ակտիվիստների սպանության համար մեղադրվող «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման 5 նախկին աշխատակցի գործով հարցաքննությունը, որն անցկացվելու է տեսակոնֆերանսի ռեժիմով, նախատեսվում է այս տարվա նոյեմբերի 25-ին:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունում ենթադրում են, որ Յանուկովիչի հարցաքննության ժամանակ կարող են տեխնիկական խոչընդոտներ ի հայտ գալ: Ուկրաինայի նախկին նախագահի պաշտպանությունը ենթադրում է, որ հարցաքննությունն ընդհանրապես կարող է տապալվել:
Հիշեցնենք, որ Յանուկովիչը 2014 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայում անկարգությունների պատճառով փախել է երկրից, ինչից հետո Գերագույն ռադան օրենք է ընդունել նրան Ուկրաինայի նախագահի կոչումից զրկելու մասին։










