Լուիշ Ֆիգուի տունը կողոպտել են` 500 000 եվրոյի ոսկերչական իրեր տանելով

18:10 • 25.11.16

Իսպանական «Ռեալ» և «Բարսելոնա» ակումբների և Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուի տունը կողոպտել են՝ 500 000 եվրոյի վնաս հասցնելով ֆուտբոլիստին:

Ինչպես գրում է Euromag-ը, հանցագործության պահին պորտուգալացին տանը չի եղել: Նշվում է, որ գողոնը կազմել է 15 թանկարժեք ժամացույց և տարբեր ոսկերչական իրեր:

Ներկայում Լուիշ Ֆիգուն զբաղեցնում է ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնը: Պորտուգալացին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2009-ին: Մինչ այդ նա հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգ», իսպանական «Բարսելոնա» և «Ռեալ», ինչպես նաև իտալական «Ինտեր» ակումբներում:

2000 թվականին պորտուգալացին արժանացել է աշխարհի լավագույն խաղացողի մրցանակին` ստանալով «Ոսկե գնդակը», իսկ հաջորդ տարի ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով մոլորակի լավագույն ֆուտբոլիստ:

Ֆիգուի այդ նույն տունը Մադրիդում թալանել էին նաև 2003-ին: