Սպանված կուրսանտի գործով վկայի համար շտապօգնություն կանչեցին դատարան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
Այսօր դատարան էր հրավիրվել վկայի կարգավիճակ ունեցող Սամվել Սերոբյանը, ով այժմ աշխատում է ռազմական ոստիկանությունում:
Դատարանը ճշտեց անձնական տվյալները և նախքան հարցաքննությունը վկայի կարգավիճակ ունեցող Սամվել Սերոբյանը, դատարանին հայտնեց, որ ի վիճակի չէ դատարանի և կողմերի հարցերին պատասխանելու.«Առողջական խնդիրներ ունեմ և ի վիճակի չեմ ձեր հարցերին պատասխանելու: Ստամոքսի խնդիրներ ունեմ»:
Դատական նիստն ընդմիջվեց և դատարան հրավիրվեց շտապօգնության ծառայություն:
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության, Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:










