Կոլումբիայում բրազիլական ֆուտբոլային թիմի տեղափոխող ինքնաթիռ է կործանվել. կան ողջ մնացածներ (թարմացված)
10.59 Կոլումբիայի Մեդելյին քաղաքի օդանավակայանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով կա 6 ողջ մնացած։
10.51
Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից հետո կա 5 ողջ մնացած, հայտնում է 360 Radio Colombia-ն՝ տեղի հիվանդանոցներից մեկին հղումով։
Նրանց վիճակի մասին տվյալներ չեն հաղորդվում:
Հստակեցվում է, որ ինքնաթիռը կործանվել է լեռնային տեղանքում, ինչի պատճառով վթարի վայր հասնելը դժվարանում է:
Նշվում է, որ Կոլումբիայում կործանված ինքնաթիռում եղել է 81 մարդ՝ 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Ինքնաթիռում են եղել բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմի 27 ֆուտբոլիստ և լրագրողներ:
10.09 Կոլումբիայում 72 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, հայտնում է The Washington Post-ը: Ինքնաթիռը դուրս է եկել Բոլիվիայից և կործանվել Կոլումբիայի Մեդելյին քաղաքի օդանավակայանի ճանապարհին:
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռում է եղել «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային թիմը:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 27 ֆուտբոլիստ, ինչպես նաև՝ լրագրողներ:
«Շապեկոենսե»-ի առաջիկա խաղը պետք է լիներ Հարավամերիկյան գավաթի եզրափակիչում կոլումբիական «Ատլետիկո Նասյոնալ»-ի հետ:
Դեռ պարզ չէ, թե արդյոք կան ողջ մնացածներ:










