Էրդողանը քննադատել է Գերմանիային՝ Մեջլիսի փոխնախագահին օդանավակայանում ժամերով սպասեցնելու համար

15:41 • 07.12.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Գերմանիային՝ Քյոլն քաղաք ժամանած թուրք պատգամավոր Այշենուր Բահչեքափըլըի հանդեպ գերմանացի ոստիկանների «անարդարացի վերաբերմունքի» համար, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Մեջլիսի պատգամավոր և փոխնախագահ Բահչեքափըլըն գործուղման նպատակով Քյոլն քաղաքում գտնվելու ընթացքում զրկվել է պայուսակից, որն իր իսկ պնդմամբ՝ գողացվել է: Պայուսակի մեջ են գտնվել նրա բոլոր անձնական փաստաթղթերը: 

Ավելի ուշ թուրք պատգամավորին հաջողվել է Թուրքիայի հյուպատոսությունից ձեռք բերել ժամանակավոր անձնագիր՝ Թուրքիա վերադառնալու համար: Այստեղ էլ սկանդալային միջադեպը հայտնվել է թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: 

Թուրք պատգամավորը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ իր ժամանակավոր անձնագիրը որպես հիմք չընդունելով՝ գերմանացի ոստիկաններն իրեն գցել են մի շարք բյուրոկրատական քաշքշուկների մեջ, ստեղծել արհեստական խոչընդոտներ, վարվել կոպիտ ու անարդարացի: Միջադեպի պատճառով պատգամավորը ստիպված բաց է թողել ինքնաթիռի իր չվերթը: 

Картинки по запросу aysenur bahcekapili

Միջադեպը խիստ քննադատության է արժանացել նաև նախագահ Էրդողանի կողմից, որը կրկին մեղադրել է Գերմանիային ահաբեկիչներին իր երկիր ազատ ներս թողնելու համար:

«Մարդն ասում է՝ ես պատգամավոր եմ, Թուրքիայի Մեջլիսի փոխնախագահն եմ: Վերցնում ժամերով սպասեցնում են: Ախր դուք ահաբեկիչներին եք ներս թողնում: Նրանց հետ նույն կերպ վարվել չարժե՞: Դրանից հետո էլ ասում են՝ Էրդողանը բռնակալ է: Դուք պատգամավորի հանդեպ եք դա անում»,- ասել է Էրդողանը: