2017 թվականը բեկումնային կլինի հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով. Էդուարդ Շարմազանով
Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստը, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ նիստի ընթացքում իրենք քննարկել են ներքաղաքական, արտաքին քաղաքական և ներկուսակցական հարցեր:
Այնուհետև Սերժ Սարգսյանը ներկայացրել է Իրանի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները:
«Իրանի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն բավական արդյունավետ էր և մենք ունենք միայն ու միայն դրական սպասումներ թե հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացման, թե իրանական ներդրումների ավելացման, թե քաղաքական երկխոսության զարգացման առումով: Եվ առհասարակ, ինչպես նախագահների հայտարարության մեջ նշվեց, շատ մեծ է ներուժը հայ-իրանական հարաբերությունների բոլոր ոլորտներում, և այս հանդիպման արդյունքները հնարավորություն են տալիս մեզ ասելու, որ 2017 թվականը կլինի բեկումնային հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ նախագահ Ռոհանիի այցը ՀՀ, և նրա պայմանավորվածությունները նախագահ Սարգսյանի հետ անչափ կարևոր էին: «Մանավանդ, որ Իրանը, ի տարբերություն մեր մյուս հարևան Թուրքիայի, ղարաբաղյան հիմնահարցում ունի հավասարակշռված դիրքորոշում և հայկական կողմը դրական է գնահատում Իրանի հավասարակշռված մոտեցումը ու Իրանի ջանքերը տարածաշրջանի խաղաղության ամրապնդման շրջանակում»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է նաև ԱԺ արտահերթ նիստի օրակարգը, սակայն ՀՀԿ խորհրդի նիստ հրավիրելու առթիվ դեռ որոշում չկա:










