«Ժառանգությունում» կուսակցության նախագահի փոփոխության հարց չկա.Արմեն Մարտիրոսյան

12:01 • 23.12.16

«Ժառանգությունում»  խմորումներ չկան. այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝անդրադառանալով մամուլում շրջանառվող տեղեկատվությանը, թե կուսակցությունում լուրջ խմորումներ են՝ կուսակցության համագումարի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու է կուսակցության առաջնորդությունից և կուսակցության նախագահ է դառնալու Արմեն Մարտիրոսյանը։

«Ես էլ եմ «Ժառանգությունում» տեղի ունեցող իրադարձությունների մասին մամուլից տեղեկանում։ Մամուլը իմ փոխարեն որոշումներ և ցանկություններ է արտահայտում»,-մանրամասնեց Արմեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, կուսակցության անդամների հետ նախագահի փոփոխության հարց չի քննարկվել, օրակարգում նման հարց դրված չէ։

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս օրերին ակտիվ քննարկումներ են ունենում քաղաքական ուժերի, գործիչների հետ և պատրաստ են համագործակցել այն ուժերի հետ, որոնց նպատակը իշխանափոխությունն է։

Հարցին՝ արդյո՞ք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկումներ եղել են, ինչի մասին հայտնել էր այսօր «Ժամանակ» օրաթերթը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Որևէ մեկի հետ քննարկումը ոչ կհաստատեմ, ոչ կմերժեմ, մինչև «Ժառանգություն»-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին իր որոշումը կկայացնի, տեղեկատվությունը մամուլում հայտնվելու պարագայում իշխանությունը այն կարող է օգտագործել և վիժեցնել զարգացումները»։