Իսպանիայի սոցիալիստական կուսակցությունը վիճակախաղով ավելի քան 56 մլն եվրո է շահել
Թեև Իսպանիայի սոցիալիստական կուսակցությունն անցնող տարում պարտվել է 2 գլխավոր ընտրություններում ու շարունակում է մնալ առանց առաջնորդի, այնուհանդերձ՝ քաղաքական ուժը 2016 թվականն ավարտում է փոքրիկ հաղթանակով:
Ինչպես նշում է The Guardian-ը, կուսակցությունը հայտարարել է, որ մադրիդյան շտաբ բնակարանը մասնակցել է 2.3 մլրդ եվրո մրցանակային ֆոնդով ամենամյա սուրբծննդյան վիճակախաղին ու շահել գումարի մի մասը:
Euromag-ը մանրամասնում է, որ կուսակցականները շահել են ավելի քան 56 մլն եվրո, ինչի մասին ասվում է Սոցիալիստական կուսակցության թվիթերյան էջում:
«Հիանալի ավարտ՝ շատ բարդ տարվա համար»,- գրված է եղել սոցիալիստների տարածած հաղորդագրությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ վիճակախաղում շահած թվերով (66513) տոմսերը 1.650-ն են: Հայտնի է, որ մրցանակային ֆոնդը կիսվելու է նրանց միջև:
Նշվում է, որ Իսպանիայում սուրբծննդյան ազգային վիճակախաղն անցկացվում է 1812թ. ի վեր ու համարվում է աշխարհում ամենահներից մեկը: Դրա մրցանակային ֆոնդը գոյանում է տոմսերի վաճառքից ստացված եկամտի 70%-ից:










