ՌԴ-ում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանը նամակ է գրել իրեն արտահանձնելու խնդրանքով, բայց տեղաշարժ չկա. Հրաչյայի քույր

21:40 • 24.12.16

Ռուսաստանում պատիժը կրող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը որոշ ժամանակ առաջ իրեն արտահանձնելու խնդրանքով նամակ է գրել արդարադատության նախարարությանը, սակայն տեղաշարժ այդպես էլ չկա. Tert.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի քույրը՝ Սեդա Հարությունյանը:   

«Խոսում եմ հաճախ, ասաց ինչ-որ նամակ է գրել Հայաստան՝  նախարարություն, բայց տեղաշարժ չկա: Բացի այդ մերոնք էլ են պահանջում, գնում են, հարսիս՝ Հրաչի կնոջ եղբայրն է զբաղվում այդ հարցով, բայց շարժ չկա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում եղբայրը, Սեդա Հարությունյանն ասաց, որ երբ խոսում են մենակ ասում է՝ լավ է, նորմալ: «Բայց դե շաքար ունի, խնդիրներ ունի, ուղղակի չի ուզում ասի»,-ասաց նա:

Քույրը պատմեց, որ եղբայրը հուսադրում է իրեն, միշտ ասում, որ խելոք պատիժը կրում է, բայց հարսից լսում է, որ խնդիրներ կան:  

«Հրաչն ինձ ոչինչ չի ասում, ասում է սովորական բանտարկյալի կարգավիճակով նստած եմ էլի: Բայց հարսս ասաց, որ ինչ-որ մենախուց են ժամանակ առ ժամանակ տանում, ինչ-որ հրահրում են, չեմ հասկանում դրանով ինչ են ուզում ասեն: Ես իրան ասում եմ ասում  է ամեն ինչ նորմալ է, ուզում է ինձ խաղաղեցնի, բայց ես պատահական հարսիցս եմ իմացել, որ տանում են մենախուց, ինձ շատ բան չեն էլ ասում»,-ասաց նա: 

Ըստ նրա՝ կարևորն իր եղբորը հայրենիք տեղափոխելն է։ « Ինքն էն մարդն ա, որ պատերազմի տարիներին իր տղան, որ հիմա մահացած է, այն ժամանակ բարուրի մեջ թողել է, գնացել այս  հայրենիքի համար կռվելու, իսկ այս հայրենիքը թքած ունի իր վրա, իր դժբախտության վրա:  Մեր պետությունը, ինչ վիճակի է հասել, որ շոպլիկի նման Ռուսաստանի փեշի տակ ծվարած, խեղճացած նստած է, չի էլ կարողանում դիմի հավանաբար: Որ Հրաչին էլ խալաթ հագցրեցին, տարածեցին, դա Հրաչին չէր վերաբերում, դա Հայաստանին էին ծաղրում, մեր ազգին: Ամեն դեպքում ես այդ ամենը  վերագրում եմ պետությանը, որ իրանց դեբիլիզմի տեղ դրած, իբրև իրենց հետ որևէ կապ չունի: Ինչ ասեմ, թող գնա այդպես ծաղրի տակ էլ ապրի, ծվարած ռուսի թևի  տակ»,-ասաց նա:

Սեդա Հարությունյանը նշեց, թե նույնիսկ երբ խոսակցություն եղավ, որ Գյումրու ռազմաբազայի ռուս մարդասպանի հետ կարող են փոխանակել, Հրաչյա Հարությունյանը դեմ էր եղել:

«Ինքն ասեց՝ ավելի լավ է ես այստեղ կախվեմ, քան փոխանակվեմ, ինձ պետք չի, որ ինձ հետ պատահած դժբախտ դեպքը համեմատեն խաղաղ քնածներին սպանածի հետ»,-ասաց նա: