Հնդկաստանում 40 տարի մահացած համարվող կինը վերադարձել է հայրենի գյուղ

21:07 • 24.12.16

Հնդկուհի Վիլասա Դեվին, ում մահացած էին համարում 1976 թվականից, վերադարձել է այցելելու իր հասուն երեխաներին:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Դեվիի հարազատները համարում էին, որ նա մահացել է օձի խայթոցից, այդ իսկ պատճառով հին համոզմունքների համաձայն` նրա մարմինը չէին այրել, այլ հանձնել են Գանգես գետի հոսանքներին:

Դեվիի խոսքով` իրեն փրկել են ձկնորսները, որից հետո նրան պահել են տեղի ընտանիքներից մեկում:

Կինը ոչինչ չէր հիշում իր կյանքից, այդ թվում` երկու նախկին ամուսնություններից: Նոր բնակավայրում նա կրկին ամուսնացել է:

Այսքան տարի անց նա առաջին անգամ հանդիպել է իր նախկին գյուղացիներից մեկին, որից հետո հնդկուհու հիշողությունը վերադարձել է:

Դեվին վերադարձել է իր հայրենի գյուղ և զարմացրել իր մեծահասակ տղաներին և դուստրերին: 80-ամյա Դեվի բոլոր 3 ամուսիններն արդեն մահացել են: