Պետական ապարատում կրճատումներով աճում է գործազուրկների թիվը. կարծիքներ

11:09 • 25.12.16

Պետական համակարգում աշխատակիցների կտրուկ կրճատումներով կառավարությունը չի կարող հաջողության հասնել, նոր տարվա նախաշեմին գործազուրկների բանակն է ավելանում՝ բեռ դառնալով 2017թ-ի համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցություն պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, օպտիմալացումը պետք է խելամտորեն իրականացնել։

«Չէր կարելի այդքան ուռճացնել ապարատը, տասնամյակներով ուռճացվել է։

Օպտիմալացումն այս առումով դրական է, բայց մյուս կողմից մարդիկ տարիներ շարունակ աշխատել են, ընտանիք պահել, պետք է նախ աշխատատեղեր բացել, մտածել այդ մարդկանց ճակատագրերի մասին, կարծում եմ, որ բյուջեի միջոցներն արդյունավետ ծախսելու համար պետք առաջին հերթին հարկային դաշտի թափանցիկությունը և օրինականությունն ապահովել»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ համատարած կրճատումների պարագայում արտագաղթողների բանակը կավելանա։

Լյուդմիլա Սարգսյանի դիտարկմամբ՝ երկրի հիմնական խնդիրն ուռճացված ապարատը չէ։

«Մեր խնդիրներն անարդարությունն է, թալանը, կոռուպցիան»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ կառավարության ծրագրերի իրագործման 13 գրասենյակներից (ԾԻԳ) կրճատվել է 5–ը։ 13 ԾիԳ-երում աշխատողների ընդհանուր թիվը 356–ն է եղել։

Կառավարության ներքո գործում է 1869 ՊՈԱԿ, որոնցից 1359-ը դպրոցներ են, որոնք ունեն ՊՈԱԿ-ի կարգավիճակ: Թե, ընդհանուր առմամբ, որքան աշխատակիցներ են կրճատվել, դեռ վիճակագրություն չկա։

Tert.am-ի հետ զրուցում Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանն ասաց, որ պետական համակարգում ընթացող կրճատումները բացասական են ազդում համակարգի վրա և հասկանալի չէ, թե կառավարությունն արդյունավետությունն ինչպես է չափում։

«Եթե բյուջեի միջոցների արդյունավետ ծախսման համար են արել, ապա կրճատված աշխատակիցը ռեզերվ է ընկնում, 6 ամիս շարունակելու են աշխատավարձ տալ, 6 ամիս հաստատ բյուջեն չեն խնայի»,- շեշտեց նա։

Ըստ նրա՝ պետք է կառավարությունը վերլուծություն ներկայացներ, որպեսզի մարդիկ էլ իմանային՝ ինչ է կրճատումների հիմքում:

Նշենք, որ ավելի վաղ Պետհիմնարկների արհմիությունը վարչապետին կոչ էր արել դադարեցնել կրճատումները, սակայն կառավարությունը մերժել էր առաջարկը։ Կառավարությունը պատասխանել էր, որ ներկայումս ոչ թե աշխատողների կրճատման, այլ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, կրկնվող գործառույթները վերացնելու, առկա բացերը վեր հանելու և լրացնելու խնդիր է դրված, որի արդյունքում հնարավոր կլինի ստանալ պետական կառավարման այնպիսի համակարգ, որը թույլ կտա կառավարումը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն՝ ավելի հասցեական ու նպատակային։