Դերսիմում ապամոնտաժել են հայ հեղափոխական Արմենակ Բաքըրջյանի հուշաքարը, որի վրա կային նաև Մոնթեի, Հրանտ Դինքի անունները
Դերսիմում ապամոնտաժել են հայտնի հայ հեղափոխական Արմենակ Բաքըրջյանին նվիրված հուշաքարը, հայտնում է demokrathaber.org կայքը:
Հիշեցնենք, որ 2015թ.-ի ապրիլի 30-ին Դերսիմի Նազըմիյե շրջանի Խարիկ գյուղում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Արմենակ Բաքըրջյանին նվիրված հուշաքար է տեղադրվել: Հուշարձանի վրա տեղ էին գտել նաև Մոնթե Մելքոնյանի, Գևորգ Չաուշի, Անդրանիկ Օզանյանի, Հրանտ Դինքի և Հայկական հարցի այլ նշանավոր մարտիկների անուններ:
Նշենք, որ թուրքական մամուլում մինչ այս սադրիչ լուրեր էին դրվել շրջանառության մեջ, ըստ որոնց Թուրքիայում կանգնեցվել է ԱՍԱԼԱ-ի մասնակից, Արցախի պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված հուշաքար, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ լուրը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև տեղեկությունները խեղաթյուրվել են Արմենակ Բաքըրջյանի հուշաքարը քանդելու պատրվակ ստեղծելու նպատակով:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` Բաքըրջյանի հիշատակին կանգնեցված հուշաքարն ազգայնականներին հանգիստ չէր տալիս տեղադրման օրվանից ի վեր, և այն քանդելու համար իշխանական լրատվամիջոցներն ու տեղի ծայրահեղականները լուրջ աշխատանքներ էին տանում վերջին շրջանում:
«Մինչ այս Քոնիայում և այլ քաղաքներում ֆաշիստ փաստաբանների մի խումբ իբրև թե Մոնթեի հիշատակին կանգնեցված հուշաքարի մասին այս ստահոդ հոդվածը ձեռքից ձեռք փոխանցելով թեման օրակարգ մտցրեց, ստիպեց, որ քանդվի: Զինվորները Դերսիմում սպառնացել են նահանգապետարանի աշխատակիցներին` ասելով, թե «եթե չքանդեք` մենք ենք անելու», - մեզ հետ զրույցում պատմել էր Դերսիմի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, որն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հուշաքարի տեղադրման գործում:
Արմենակ Բաքըրջյանը ծնվել է 1953թ.-ին Դիարբեքիրում (Տիգրանակերտ), սասունցի հայերի ընտանիքում:
Ավելի ուշ Ստամբուլում, ուր մեկնել էր ուսում ստանալու նպատակով, անդամակցել է քրդական TİKKO կազմակերպությանը:
Խոսվում է նաև այն մասին, որ Բաքըրջյանը մեծապես օգնել է Պոլսո Հայոց պատրիարքարանի նախաձեռնած Արևմտյան Հայաստանի տարածքում մնացած իսլամացված հայ որբերին Ստամբուլ տեղափոխելու և ձուլումից փրկելու գործընթացին: Հայկական Սուրբ Խաչ Դպրեվանքում ուսանելուց հետո մտերմացել է Հրանտ Դինքի հետ:
Բաքըրջյանը սպանվել է 1980թ.-ի մայիսի 13-ին Էլյազըղում (Խարբերդ)` իր դեմ կազմակերպված դավադրության միջոցով:










