Պանրի օգտագործումը կարող է պաշտպանել սրտի հիվանդություններից
Յուղային պարունակություն ունեցող սննդամթերքները, ինչպիսին են պանիրը, կարագը և սերուցքը, հաճախ վնասակար են համարվում սրտի հիվանդություն ունեցողների համար, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հագեցած ճարպերով հարուստ ուտեստները իրականում զգալի առողջարար հատկություններ ունեն:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը, Բերգենի համալսարանի (Նորվեգիա) գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բնական բարձր յուղայնությամբ սննդամթերքի օգտագործումը ածխաջրածնային սննդատեսակների սահմանափակ օգտագործման հետ մեկտեղ չի նպաստում վատ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:
Հետազոտության ղեկավար Սայմոն Դենքելի խոսքով` մարդու օրգանիզմը «հիանալի փոխազդեցության մեջ է մտնում ճարպերի հետ, որոնք էներգիայի հիմնական աղբյուր են հանդիսանում»: Ըստ գիտնականի` այս տեսակի սննդամթերքները բարելավում են նյութափոխանակությունը և լրացնում օրական անհրաժեշտ էներգիայի պակասը:
Տղամարդկանց ցուցվում է օրական առավելագույնը 30գ հագեցած ճարպեր օգտագործել, իսկ կանանց` 20 գրամ: Նման սննդակարգը, մասնագետների խոսքով, չի գիրացնում և ճիշտ համադրության պարագայում նպաստում է ավելորդ քաշից ձերբազատվելուն:










