Հրազդանում դանակահարվել է երեք քաղաքացի. նրանք նույնաբովանդակ հաղորդում են տվել

16:30 • 26.12.16

Հրազդանում դանակահարության դեպք է գրանցվել, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել երեք քաղաքացի:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Դեկտեմբերի 25-ին Հրազդանի ԲԿ-ից տարբեր ժամերի հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երեք քաղաքացի»,– ասաց նա:

ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ տուժողները նույնաբովանդակ հաղորդում են տվել, համաձայն որի՝ վիճաբանություն է տեղի ունեցել անհայտ անձի հետ, վերջինս էլ մոտը եղած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել իրեն:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: