Վստահեցնում եմ՝ որևէ այլ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանին, Ռուսաստանն «Իսկանդեր» չի վաճառի. Վիկտոր Վոդոլացկի

10:16 • 26.12.16

Ռուսաստանն Ադրբեջանին «Իսկանդեր» չի վաճառի: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԴԺ պետական դումայի պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախկին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:

Ռուսական «Կոմերսանտ»-ի հրապարակման համաձայն, Ադրբեջանում անհանգստություն կա ՌԴ կողմից Հայաստանին տրամադրած «Իսկանդեր»-ի շուրջ: Ավելին, ըստ պարբերականի, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը օրերս Բաքու էր մեկնել հենց այս հարցով:

«Միակ երկիրը, որին Ռուսաստանը «Իսկանդեր» է վաճառել, Հայաստանն է: Վստահեցնում եմ՝ որևէ այլ երկրի Ռուսաստանն «Իսկանդեր» չի վաճառի»,- ընդգծեց պետդումայի պատգամավորը:

Վ. Վոդոլացկին շեշտեց, որ ՌԴ կողմից Ադրբեջանին հարձակողական զենքեր չեն վաճառվում, այնպես որ, դրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ երբևէ օգտագործվել չեն կարող:

«Ռուսաստանն ամբողջ աշխարհում զենքի հիմնական մատակարարներից մեկն է: Մենք համագործակցում ենք ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի, այլև՝ մի շարք այլ պետությունների հետ: Այնպես է ստացվել, որ մենք լավ մեքենա արտադրել չենք կարողանում, փոխարենը՝ լավ հրթիռներ ենք արտադրում»,- ասաց Վոդոլացկին:

Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է «Իսկանդեր»-ն օգտագործել առանց ՌԴ թույլտվության, պատգամավորը դրական պատասխան տվեց. «Իհարկե, «Իսկանդեր»-ը Հայաստանի սեփականությունն է: Հիմա եթե ինձնից փողկապ գնեք, ես հո ձեզ չե՞մ ասելու հարցրեք ինձանից թույլտվություն, հետո միայն կիրառեք կամ երկուշաբթի օրերին օգտագործեք, իսկ հինգշաբթիներին՝ ոչ»: