Ստորագրման պատրաստ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի փաստաթղթերը համաձայնեցվել են նիստին չմասնակցող Լուկաշենկոյի հետ
Կրեմլում հաստատել են, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի վեհաժողովներին, և վստահություն են հայտնել, որ դա չի անդրադառնա այդ միջոցառումների օրակարգի վրա, գրում է interfax.ru-ն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը վստահություն է հայտնել, որ «Բելառուսի նախագահի բացակայությունը դե ֆակտո չի խանգարի քննարկել ինտեգրման հետ կապված էական հարցերը»:
«Բոլոր փաստաթղթերը, որոնք այսօր ստորագրվելու են, ավելի վաղ ամբողջությամբ համաձայնեցվել են մեր բելառուս գործընկերների հետ, և ստորագրված փաստաթղթերն այնուհետև կուղարկվեն Մինսկ, որպեսզի Ալեքսանդր Լուկաշենկոն կարողանա դրանք այնտեղ ստորագրել»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին պետք է խոսի բելառուսական կողմը:
«Իսկապես մեր բելառուս գործընկերները հայտնել են այն մասին, որ նախագահ Լուկաշենկոն չի կարողանա մասնակցել այսօրվա գագաթնաժողովներին: Ես կարծում եմ, որ մեր կողմից կոռեկտ չէր լինի խոսել պատճառների մասին, դա ամեն դեպքում պետք է անի Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը»,- ասել էր Պեսկովը լրագրողներին:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը մասնակցելու է այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:










