Պակիստանը սպառնացել է Իսրայելին միջուկային զենքով

13:44 • 26.12.16

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամադ Ասիֆը բավական խիստ կերպով հիշեցրել է Իսրայելին, որ Իսլամաբադը միջուկային զենք ունի: Այդ մասին պաշտպանական գերատեսչության ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում, հայտնում է lenta.ru-ն:


«Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է միջուկային հաշվեհարդար տեսնել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում Պակիստանի ենթադրյալ դերի առնչությամբ: Իսրայելը մոռանում է, որ Պակիստանը նույնպես միջուկային զենք ունի»,- գրել է նա իր միկրոբլոգում:


Ինչպես նշում է The Guardian-ը, դա եղել է դեկտեմբերի 20-ին AWD News-ի կայքում հրապարակված «Իսրայելի պաշտպանության նախարար. «Եթե Պակիստանը զորք ուղարկի Սիրիա ցանկացած պատրվակով, մենք կոչնչացնենք այդ երկիրն ատոմային հարվածով» վերնագրով հրապարակման պատասխանը: Իսրայելի պաշտպանական գերատեսչությունում հայտարարել են, որ հոդվածը չի համապատասխանում իրականությանը և որ նախարարը երբեք նման հայտարարություններ չի արել: