Պարզվել է Սոչիում կործանված ինքնաթիռի թռիչքի ճանապարհը
Մասնագետները, ուսումնասիրելով ռադիոտեղորոշիչ միջոցներից ստացված տվյալները, որոշել են Սոչիում կործանված Տու-154-ի թռիչքի ճանապարհը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
«Դա թույլ է տվել ավելի հստակ որոշել ինքնաթիռի ընկնելու վայրը: Ընկնելու ենթադրյալ վայրի շրջանում որոնողափրկարարական գործողությունը բարդացնում են ծովի հատակի ռելիեֆի յուրահատկությունները»,- բացատրել են գերատեսչությունում:
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված ուժերի թվաքանակն ավելացել է՝ հասնելով 3,5 հազարի: Նշվում է, որ Տու-154-ի ավիաաղետի շրջանում որոնողական գործողությունը գիշերվա ընթացքում չի դադարել ոչ մի րոպե: Գործողությանը միացել է Սևծովյան նավատորմի յոթ նավ:
Հիշեցնենք, որ Տու-154 օդանավը կործանվել է Սոչիում երեկ առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է 92 մարդ, նրանցից 8-ը` անձնակազմի անդամ։ Ուղևորների թվում են եղել 9-ը ռուսաստանցի լրագրող և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամները, որոնք ուղևորվում էին Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու:










