Թեև զենք արտահանող երկրներից առաջատարը ԱՄՆ-ն և Ֆրանսիան են, նրանք իրենց դաշնակիցների թշնամիներին չեն զինում. Ռուբեն Մեհրաբյան
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում հավատացրեց, որ Միացյալ Նահանգները զենք արտադրում և վաճառում են ոչ թե նրա համար, որպեսզի հրահրեն կոնֆլիկտներ, այլ վաճառում են ավելի կայուն պետություններին:
Քաղաքագետը տեղին չի համարում ՌԴ-ին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին նույն հարթության մեջ դնելու մոտեցումը զենքի վաճառքի հարցում, չնայած նրան, որ Միացյալ Նահանգները 2015 թվականի ընթացքում ռազմական արտադրանք արտահանող երկրների ցանկում գտնվում է առաջին հորիզոնականում, նրան հաջորդում են Ֆրանսիան ու Ռուսաստանը:
Մեհրաբյանը շարունակեց, թե զենքի արտահանող առաջատար ԱՄՆ և Ֆրանսիան իրենց դաշնակիցների թշնամիներին, մանավանդ չկարգավորված կոնֆլիկտների պարագայում, չեն զինում: «Ու հետո բացատրություն չեն տալիս, թե բա ինչ անենք, սա էլ մեր բիզնեսն է, խոսքը սրա մասին է»,- ասաց նա՝ նկատի ունենալով Ռուսաստանին, որը թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին զենք է վաճառում:
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ նաև Սիրիայում պատերազմներ են հրահրվում, որպեսզի զենքի իրացում ապահովվի, Մեհրաբյանը պատասխանեց, թե Սիրիայում պատերազմը ոչ թե ամերիկացիներն են հրահրել, այլ այս ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ ինքնահոսի մատնվեց այս տարածաշրջանը:
«Այլ հարց է՝ Իրաք մտնելը ճի՞շտ էր, թե՞ սխալ, թեև ես, այնուամենայնիվ, մտածում եմ ճիշտ էր, որովհետև Սադամ Հուսեյնը սպառնալիք էր իր հարևանների և միջազգային անվտանգության համար, և քրդերի նկատմամբ ցեղասպանությունը քիմիական զենքով, և այլն։ Բայց շատերը կարծում են՝ սխալ էր։ Հաստատապես կարող եմ ասել, որ ԱՄՆ ուղղակի կարճ ժամանակահատվածում բոլոր կարգավորման գործերը թողեց մի կողմ, լքեց Իրաքը, որտեղ ստեղծվեց վակում և լցվեց Իսլամական պետությունը, այդտեղից էլ լցվեց Սիրայի տարածք»,-ասաց նա և նշեց, թե ԱՄՆ-ին կարելի է մեղադրել նրանում, որ չարեց այն, ինչ կարող էր, որի պատճառով տեղի ունեցավ պատերազմ:
Մինչդեռ, ըստ Ռուբեն Մեհրաբյանի. ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքը կազմակերպում է ՌԴ-ն: Դիտարկմանը, թե փաստորեն ամեն երկիր իր հետաքրքրությունների շրջանակում է երկրներ սպառազինում, փորձագետը պատասխանեց. «Մի օրինակ բերեք, որ ԱՄՆ-ն է կոնֆլիկտ ստեղծում և սկսում զինել»:
Հարցին, թե այսինքն՝ չպատերազմող երկրի՞ է վաճառվում, Մեհրաբյանը պատասխանեց, թե ԱՄՆ-ն տեխնոլոգիապես առաջատար է, ունի լավ զինատեսակներ, իսկ հիմնական գնորդները կայուն պետություններն են, որոնք կոնֆլիկտների մեջ չեն: «Հետո, ծավալները մեծ են, իսկ ամերիկյան զենքերը՝ թանկ»,- եզրափակեց նա:










