Շոյգուն կարգադրել է 70 բնակարան տրամադրել Ալեքսանդրովի անվան անսամբլին

17:39 • 27.12.16

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է 70 բնակարան տրամադրել Ալեքսանդրովի անվան անսամբլին, որի արտիստների մեծ մասը մահացել է Սև ծովում Տու-154 օդանավի կործանման հետևանքով:

Շոյգուի կարծիքով` բնակարանների տրամադրումը երգչախմբին կօգնի հնարավորինս շուտ վերականգնել անսամբլը:

«Անհրաժեշտ եմ համարում մոտ ժամանակներս ընդունել Ալեքսանդրովի անվան անսամբլին 70 բնակարան տրամադրելու որոշումը, որպեսզի կարողանանք ամենամոտ ապագայում վերականգնել կոլեկտիվը` որքանով դա հնարավոր է: Մրցույթ անցկացնել, ընտրել լավագույններին, որպեսզի նրանք շարունակեն այն ավանդույթները, որոնցով հայտնի է ՌԴ զինված ուժերի գլխավոր համույթը», - մեջբերում է BBC-ն նախարարի խոսքերը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար: