Փորձագետները կստուգեն՝ մեղսունակ է արդյոք «Սիթիբանկ»-ում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը

18:05 • 27.12.16

Փորձագետներն ամանորյա արձակուրդներից հետո կստուգեն, թե արդյոք օգոստոսին Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանը մեղսունակ է, թե ոչ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևը:


«Քննությունը Պետրոսյանին նշանակել է ստացիոնար հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն դեռ նոյեմբերի վերջին, սակայն քանի որ մասնագետների մոտ մեծ հերթեր են, այն դեռ չեն անցկացրել, նախատեսվում է, որ հետազոտությունը կկայանա ամանորյա տոներից հետո»,- ասել է պաշտպանը:


Մասնագետները պետք է պարզեն, թե արդյոք գործարարը մեղսունակ է և արդյոք կարող է պատասխանատու լինել իր գործողությունների համար: Ընդ որում՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ փորձաքննությունը Պետրոսյանին մեղսունակ է ճանաչել: Թե արդյոք խոսքը երկրորդ փորձաքննության մասին է՝ չի հստակեցվում:


Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության և պատանդներ վերցնելու համար, դատարանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը հաստատվել է մինչև 2017 թվականի փետրվարի 24-ը:


«Մենք բողոքարկել ենք Պետրոսյանի կալանքի ժամկետի երկարաձգումը, խնդրում ենք Մոսկվայի քաղաքային դատարանին նրա նկատմամբ սահմանել տնային կալանք: Մեր բողոքի քննարկման ամսաթիվը դեռ նշանակված չէ»,- ասել է Մալցևը:


Հիշեցնենք, որ սնանկացած հայ գործարարը մոսկովյան բանկի մասնաճյուղ էր ներխուժել այս տարվա օգոստոսին և չորս պատանդ վերցրել՝ սպառնալով պայթեցնել շենքը: Նա ինքնակամ հանձնվել էր ոստիկաններին և ավելի ուշ պարզաբանել, որ այդ քայլով ցանկացել է ուշադրություն հրավիրել բիզնեսում առկա խնդիրների վրա: