ՄԻՊ-ը վերահսկում է «հաց բերող»-ի առողջական վիճակը, պահման պայմանները. Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերահսկում է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համար ուտելիք տարած, հանրությանը «հաց բերող» բնորոշմամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց օմբուդսմեն Արման Թաթոյանը:
«Մենք վերահսկում ենք նրա առողջական վիճակը, արդարադատության նախարարության հետ կապի մեջ ենք: Մեր բժիշկը Արթուր Սարգսյանին ընդունել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, դատապարտյալների հիվանդանոցում: Արթուր Սարգսյանը բուժումներ պետք է անցնի, կարևոր բուժման կուրս:
Դեղամիջոցներ կան, որոնք նշանակել են նրան, չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ է նշանակված, բայց առողջական վիճակի հետ կապված հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Կարծում եմ լավ է, որ հիվանդանոցում է, որովհետև վերահսկում ենք՝ պե՞տք է արդյոք մասնագիտական այլ հաստատություն տեղափոխել, թե՞ ոչ»,- ասաց Արման Թաթոյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե Արթուր Սարգսյանին խափանման ոչ ճիշտ միջոց են ընտրել, մեղադրանք են առաջադրել, որը նրան համապատասխան չէ, Արման Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ-ին օրենքով արգելված է գնահատական տալ: «Մեղադրանքի հիմնավորվածության հարցը դատաքննության առարկա պետք է լինի: Մենք վերահսկում ենք, որ նրա պահման պայմաններում խնդիրներ չառաջանան»,- ընդգծեց օմբուդսմենը:










