2017 թվականի սկզբից Ադրբեջանը կսկսի ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցություններ վարել. Մամեդյարով
2017 թվականի սկզբից նախատեսվում է անցնել Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ ինտենսիվ բանակցությունների: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է «Թրենդ» գործակալությունը:
Ադրբեջանը հետաքրքրված է ԵՄ-ի հետ իրավահավասար և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմամբ, ինչի առնչությամբ 2015 թվականին Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» անդամ երկրների վեհաժողովին Եվրամիությանը ներկայացրել է «Ադրբեջանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի» նախագիծը, ասել է նախարարը:
Եվրամիության խորհուրդն արդեն տրամադրել է մանդատն Ադրբեջանի և Եվրամիության միջև համաձայնագրի տվյալ նախագծի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսելու համար:
«Կարծում ենք, որ նոր փաստաթուղթը կստեղծի իրավական հիմք երկկողմ կապերը մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու և համագործակցության համակողմանի զարգացումն ապահովելու համար: Այժմ ձևավորվում է համաձայնագրի պատրաստման ուղղությամբ կողմերի պատվիրակությունների կազմը: 2017 թվականի սկզբից ի վեր նախատեսվում է անցնել ինտենսիվ բանակցությունների»,- ասել է Մամեդյարովը:










