Միջնորդ երկրներն Արցախի հարցով փորձում են գտնել ոչ թե արդարացի, այլ կողմերին բավարարող լուծում. Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ

20:00 • 27.12.16

Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ճիշտ է, Ֆրանսիայի Հանրապետությունը, չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, սակայն բազմիցս խոսել է Արցախի և ընդհանրապես ազգերի ինքնորոշման իրավունքից:

«Նախկինում հարցեր են հնչեցվել ուղղված Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին կամ Ֆրանսիայի Եվրոպական հարցերով արտաքին գործերի նախարարին, նրանք հիշեցրել էին, որ Ֆրանսիայի դիրքորոշումը խորապես հիմնված է ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման վրա և, հատկապես, շեշտադրել հատկապես շեշտադրել էին այդ սկզբունքը: Այնպես որ Ֆրանսիան, ճիշտ է, Արցախի անկախությունը չի ճանաչել, բայց Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը ճանաչված է, և տեղյակ ենք, որ Մադրիդյան սկզբունքներում նաև կա այդ մասը: Ֆրանսիան, ինչպես նաև մյուս համանախագահող երկրները, ճանաչել են Արցախի ինքնորոշման իրավունքի և ընդհանրապես ինքնորոշման իրավունքի մասին կետը, իսկ ընդհանրապես Արցախի հակամարտության մեջ այդ սկզբունքի հիման վրա լուծում գտնելու անհրաժեշտությունը»,- ասաց Հովհաննես Գևորգյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, դա բավարար չէ, որ Ֆրանսիայի Հանրապետությունը ճանաչի Արցախի անկախությունը:

Դիտարկմանը, թե Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, այնուամենայնիվ այստեղի  տարբեր ոլորտների ներկայացուցիչներ համագործակցում են չճանաչված հայկական պետության հետ, Հովհաննես Գևորգյանը մատնանշեց վերջերս Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի այցը Ֆրանսիա․«Շատ կարճ աշխատանքային այց էր՝ երկօրյա, որի ընթացքում հանդիպումներ եղան:  Պետք է նշել նաև, որ Ֆրանսիայում 2013 թվականին ստեղծվել և գործում է  Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը, որը համախմբել է 60 ֆրանսիացի քաղաքական, հասարակական գործիչների՝ պատգամավորներ, նաև՝ Ֆրանսիայի մի շարք քաղաքներ բարեկամության հռչակագրեր են ստորագրել Արցախի մի շարք համայնքների հետ»:

Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչը հիշատակեց, որ  Աշոտ Ղուլյանի այցի ժամանակ անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում երկու երկրների տարբեր՝ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների ներկայացուցիչների միջև համագործակցությանը:

Անդրադառնալով արցախյան կարգավորման գործընթացում Ֆրանսիայի դերին՝  նա նշեց, որ երկիրը ներգրավված է որպես միջնորդ երկիր, և ինչպես մնացած երկու երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ևս փորձում է չեզոք, նեյտրալ միջնորդի դերակատարություն ունենալ:

«Գիտենք, որ Արցախյան հակամարտության լուծմանն ուղղված բանակցային գործընթացը բացառապես քաղաքական ուղղվածություն ունի: Այս հակամարտության մեջ միջնորդ երկրների կողմից փորձեր չեն արվում արդարացի, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լուծում գտնելու: Փորձում են այնպիսի լուծում գտնել, որ կողմերին բավարարի, իսկ դա քաղաքական մոտեցում է: Անկախ նրանից, թե ինչպիսին է միջազգային իրավունքը, անկախ նրանից, թե ինչպիսին է արդարությունը, այն պահին, երբ կողմերը համաձայնության գան այս կամ այն հարցի շուրջ, համաձայնությունը լինի երկուստեք, միջնորդներին դա կբավարարի: Ֆրանսիան ընդունում է միջնորդ երկրների կեցվածքը»,- ասաց Հովհաննես Գևորգյանը: