Լքե՛ք Ֆրանսիան. Իսրայելի պաշտպանության նախարարը կոչ է արել Ֆրանսիայի հրեաներին լքել այդ երկիրը

10:28 • 27.12.16

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը քննադատել է Ֆրանսիայի իշխանություններին  պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցով միջազգային համաժողով կազմակերպելու նախաձեռնության համար՝ կոչ անելով Ֆրանսիայում բնակվող հրեաներին լքել այդ երկիրն ու վերադառնալ Իսրայել:


Ինչպես հայտնում է haaretz.com-ը, Իսրայելը մտավախություն ունի, որ հունվարի 15-ին Փարիզում կայանալիք խաղաղության համաժողովը կարող է հանգեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պաղեստինա-իսրայելական հակամարտության թեմայով նոր քվեարկության անցկացման:


«Փարիզի համաժողովի նպատակն է դատարանի առջև կանգնեցնել Իսրայել պետությանն ու նրա ժողովրդին: Դա համաժողով է, որի նպատակն է վնասել Իսրայելի անվտանգությանն ու արատավորել նրա բարի համբավը: Կարծում եմ՝ արդեն եկել է ժամանակն ասելու Ֆրանսիայի հրեաներին, որ դա ձեր երկիրն ու հողը չէ: Լքե՛ք Ֆրանսիան, ու եկե՛ք Իսրայել: Սա կլինի միակ պատասխանն այդ դավադրությանը: Եթե ուզում եք հրեա մնալ ու վստահ լինել, որ ձեր երեխաներն ու թոռները ևս հրեա են մնալու, լքե՛ք Ֆրանսիան ու վերադարձե՛ք Իսրայել»,-ասել է պաշտպանության նախարարը: