Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռի «սև արկղի» վերծանման առաջին տվյալները. օդանավը վարելու ժամանակ սխալ է թույլ տրվել

21:49 • 27.12.16

ՌԴ պաշտպանության նախարարության ռազմածովային ուժերի կենտրոնի մասնագետները նախնական վերլուծության են ենթարկել դեկտեմբերի 25-ին Սև ծովում կործանված Ту-154 ինքնաթիռի ինքնագրիչներից մեկի ձայնագրությունները: 

Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը` հղում անելով անանուն աղբյուրին, «սև արկղի» վերլուծությունը հաստատում է օդանավը վարելու ժամանակ թույլ տված սխալի վարկածը: Այլ մանրամասներ գործակալության զրուցակիցը չի հայտնել:

Ավիավթարի վայրում ստեղծված օպերատիվ շտաբի աղբյուրը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ վթարի պատճառ է դարձել ինքնաթիռի թևերի փականների աշխատանքի խափանումը, որն էլ հանգեցրել է ամբարձիչ ուժի կորստին և ինքնաթիռի անկմանը: Թե որն է խափանման պատճառը, աղբյուրը չի հայտնել:

Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել: