Հայտնաբերվել է Տու-154-ի «սև արկղերից» մեկը. լրատվամիջոցներ

09:08 • 27.12.16

Դեկտեմբերի 25-ի առավոտյան Սև ծովում կործանված Տու-154-ի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել է ու շուտով ցամաք կհանվի: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ ուժային կառույցներում ունեցած աղբյուրին հղումով: Վերջինիս փոխանցմամբ՝ «սև արկղի» վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան:


«Եվս 2 «սև արկղեր» գտնվում են օդանավի պոչային հատվածում, սակայն դրանք դեռևս չեն հայտնաբերվել»,-մանրամասնել է աղբյուրը:


Ինչպես ավելի վաղ պատմել էր ավիաաղետի ականատեսներից մեկը, օդանավն օդ բարձրանալուց հետո սկսել էր արագ բարձրություն կորցնել՝ անբնական վեր ցցված քթով: Հայտնի է, որ ինքնաթիռի առաջնային հատվածը ջրի հետ բախումից անջատվել էր ու արագ խորտակվել:


Նշվում է նաև, որ ինքնաթիռի բեկորների ուսումնասիրությունը վկայում է, որ անձնակազմը փորձել է օդային փոխադրամիջոցը նստեցնել ջրի մակերևույթին:


Նշենք, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Սև ծովում Տու-154 ռազմական օդանավի կործանման առնչությամբ ուսումնասիրում է 4 հիմնական վարկած: Նշվում է, որ օդանավում ահաբեկչության կամ դիվերսիայի իրագործման հավանականությունը փաստող ապացույցներ առայժմ չեն հայտնաբերվել:


«Աշխատանքային հիմնական վարկածներ են շարունակում մնալ շարժիչի մեջ այլ օբյեկտի ընկնելը, անորակ վառելիքը, օդաչուների թույլ տված սխալը, օդանավի տեխնիկական անսարքությունը»,- մանրամասնել է ԱԴԾ-ի ներկայացուցիչը:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:


Հայտնի է նաև, որ Մոսկվա է ժամանել Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը, որը տեղափոխել է Տու-154-ի ավիավթարի վայրում հայտնաբերված մարմինները: