Խորենացի փողոցի ակցիայի մասնակից Տիգրան Ավագյանը դատապարտվել է 3.6 տարվա ազատազրկման

11:01 • 28.12.16

Այս տարվա հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած ակցիաների մասնակից Տիգրան Ավագյանին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 3,6 տարվա ազատազրկման:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Ավագյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Դատախազը 3,8 տարվա ազատազրկում էր պահանջել, դատարանն ազատազրկեց 3,6 տարվա ազատազրկման»,- ասաց Պապիկյանը:


Արայիկ Պապիկյանի խոսքով՝ դատախազը նշել է, որ առկա է ռեցիդիվ, սակայն, ըստ պաշտպանի, դա սխալ է:

«Տիգրան Ավագյանը դատվածություն ունեցել է, սակայն ոչ ՀՀ օրենսդրությամբ, նա պատիժը կրել է այլ երկրում»,-ասաց Պապիկյանը և հավելեց, որ վճիռը բողոքարկելու է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Ավագյանը մեղադրվում էր 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զնգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մեղադրանք է առաջադրվել ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի։ Տուժող են հանդիսանում 46 ոստիկաններ։