ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Սոցապ նախարարության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. նրան սպառնում է 5-10 տարի ազատազրկում
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով»,- ասաց նա:
Նշենք, որ 311-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, որը պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պ.-ն, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին:










