Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նիստը փոխադարձ վիրավորանքներով և հրմշտոցով է ավարտվել (տեսանյութ)
Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նիստն ընդհատվել է պատգամավորների միջև ծագած վիճաբանության պատճառով:
Ինչպես փոխանցում է «Ակօս»-ը` քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամները պահանջել են հանձնաժողովից ժամանակավորապես դադարեցնել խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները՝ հիշեցնելով, որ իրենց կուսակցության երկու համանախագահներն ու 12 պատգամավոր գտնվում են անազատության մեջ և չեն կարող մասնակցել նիստերին:
Իրենց հերթին, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներն առաջարկել են, որ հանձնաժողովի քննարկումները հեռարձակվեն ուղիղ եթերով և հասանելի լինեն ժողովրդին:
Երկու ընդդիմադիր կուսակցությունների առաջարկները մերժվելուց հետո հանձնաժողովի նիստում ստեղծված լարված մթնոլորտն է՛լ ավելի է թեժացել, երբ ժողովրդահանրապետականների խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը ելույթի իրավունք է պահանջել ու կրկին մերժվել, ինչից հետո բղավել է հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի վրա:
«Քեզ ավազակի պես մի՛ պահիր, խո՛սք եմ պահանջում»,-բղավել է Ալթայը Շենթոփի վրա:
Նիստն ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով ու հրմշտոցով:










