Ջորջ Մայքլի մահից հետո չթողարկված 3 ալբոմ է մնացել. լրատվամիջոցներ
2016 թվականի դեկտեմբերի 25-ին սրտի անբավարարությունից մահացած բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի ժառանգությունը ներառում է չթողարկված 3 ալբոմ: Այդ մասին հայտնել է mirror.co.uk-ը:
Լրատվամիջոցը չի բացառում, որ այդ ձայնագրությունները ոչ ոք չի լսի, քանի որ երգիչը դրանք անհաջող է համարել:
Ալբոմների աշխատանքային անվանումներն են՝ Trojan Souls, Extended Plaything և White Light:
Wham! խմբում Ջորջ Մայքլի գործընկեր Էնդրյու Ռիջլիի խոսքով՝ Ջորջ Մայքլն ամբողջությամբ վերահսկում էր իր ստեղծագործությունների թողարկումը:
«Ջորջը տաղանդավոր և փայլուն երաժիշտ էր, բայց նա կարող էր կամակոր և բարդ լինել, որովհետև պերֆեկցիոնիստ էր»,- ասել է երգչի ծանոթներից մեկը:
Իր երաժշտական կարիերայի ընթացքում բրիտանացի երգիչը վաճառել է իր ձայնագրությունների մոտ 100 միլիոն օրինակ, ինչը նրան դարձնում է ամենահաջող փոփ կատարողներից մեկը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլի անսպասելի մահից հետո նրա ամբողջ կարողությունը՝ 123 մլն դոլար, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում եղած անշարժ գույքը կժառանգեն արտիստի սանիկները:










