Տու-154-ի օդաչուն կործանումից առաջ հասցրել է հայտնել տեխնիկական անսարքության մասին. ՌԴ ՊՆ
Կիրակի առավոտյան Սև ծովում կործանված Տու-154 ռազմական օդանավի հրամանատարը ջուրն ընկնելուց առաջ հասցրել է դիսպետչերներին տեղեկացնել տեխնիկական անսարքության մասին:
Ինչպես նշում է meduza.io-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի թռիչքների անվտանգության ծառայության պետ Սերգեյ Բայնետովը:
Նրա պատմելով՝ Տու-154-ի հրամանատարի ու դիսպետչերների խոսակցությունը տևել է մի քանի տասնյակ վայրկյան: Դատելով օդաչուի վերջին խոսքերից՝ խնդիրը վերաբերել է փականների անսարքությանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի և կապի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որը գլխավորում է Տու-154 ռազմական օդանավի կործանումը հետաքննող կառավարական հանձնաժողովը, հայտարարել է, որ ավիաաղետի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը:
Միևնույն ժամանակ, Սոկոլովը կոչ է արել զերծ մնալ ավիաաղետի վերաբերյալ ցանկացած վարկածի տարածումից, քանի դեռ հանձնաժողովը հանդես չի եկել վերջնական հայտարարությամբ: Նա մանրամասնել է, որ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը կտրվի միայն օդանավի ինքնագրիչ սարքերի վերծանումից հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Սև ծովում Տու-154 ռազմական օդանավի կործանման առնչությամբ ուսումնասիրում է 4 հիմնական վարկած: Նշվում է, որ օդանավում ահաբեկչության կամ դիվերսիայի իրագործման հավանականությունը փաստող ապացույցներ առայժմ չեն հայտնաբերվել:
«Աշխատանքային հիմնական վարկածներ են շարունակում մնալ շարժիչի մեջ այլ օբյեկտի ընկնելը, անորակ վառելիքը, օդաչուների թույլ տված սխալը, օդանավի տեխնիկական անսարքությունը»,- մանրամասնել է ԱԴԾ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:










