Բոլորս էլ մտածում, աշխատում, արարում ենք պետության զարգացման համար. Արման Սահակյան

21:18 • 01.01.17

Լուսանկարը՝ wnews.am-ի

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ով Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն է, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Նոր տարին նշել է ծնողների, եղբոր ընտանիքի և իր ընտանիքի հետ միասին:


«Չի եղել մեր կյանքում երբևիցե մի միջոցառում, որ մենք ամբողջ ընտանիքով չլինենք, մենք ընտանիքով, եղբայրսՙ ընտանիքով, ու ծնողներս: ԱԺ նախագահի ընտանիքը բոլոր տարիներին Ամանորը նշել է Հայաստանում, և այս տարին էլ բացառություն չէ»,-ասաց նա:


Արման Սահակյանը նշեց, որ ճոխ, ցուցադրական սեղան չեն դնում: «Կարող եմ Ձեզ էլ հրավիրել, կգաք կտեսնեք ինքներդ»,-ասաց նա:


Պետական գույքի կառավարման վարչության պետը նշեց, որ չնայած ժամանակ առ ժամանակ հայտնվող անհեթեթ նկարներին, թե ինչպիսի ճոխ տանն է ապրում Գալուստ Սահակյանը, դրանք իրականությանը չեն համապատասխանում: «ԱԺ նախագահն այս պահին ապրում է Աջափնյակ վարչական շրջանի շենքերից մեկում, և հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նա:
 
Արման Սահակյանի խոսքով՝ առաջին կենացն այն է, որ բոլորի համար հաջողակ տարի լինի: «Այս տարի ցանկանում եմ, որ ծնողներս առողջ լինեն, երկրի համար էլ՝ բոլորս էլ մտածում, աշխատում, արարում ենք պետության զարգացման համար, լինելով գործադիրում՝ փորձում ենք ամեն ինչ անել, որ տնտեսությունը զարգանա»,-ասաց նա: