Կարևորը լինի խաղաղ, առանց կորուստների տարի. Էդմոն Մարուքյան

17:10 • 01.01.17

Անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այս տարի էլ, ինչպես ամեն տարի, Ամանորը նշել է հայրենի քաղաքում` Վանաձորում, ընտանիքի, ընտրողների, ժողովրդի հետ:


«Իմ ընտրողները գալիս են մեր տուն, ես մեր տանը չլինե՞մ, մարդիկ գալիս են, ուզում են ինձ տեսնել, հազիվ տարվա մեջ այդ մեկ օրն է, որ կարող ենք ոչ աշխատանքային միջավայրում իրար տեսնել, թե չէ միշտ գալիս են իմ գրասենյակ, ինչ-որ խնդիրներից են պատմում, իսկ Նոր տարուն արդեն մի բաժակ բան ենք խմում, շնորհավորում ենք, կենացներ ենք ասում»,-Tert.am-ին պատմեց Էդմոն Մարուքյանը:


Պատգամավորն անկեղծացավ՝ տոներին գնումներ կատարելու, տնեցիներին օգնելու շատ ժամանակ չի ունենում, բայց տուն Ձմեռ պապիկ հրավիրելու գործն իր վրա է: «Անկեղծ ասած` ես այդ առումով շատ վատ մարդ եմ, ես ոչ մի բանի ժամանակ չեմ ունենում, որ գնումներ կատարեմ, բայց մեկ-մեկ երեխաների հետ տոնածառ եմ զարդարում, սկսում եմ, հետո իրենք զարդարում են: Բայց Ձմեռ պապիկ անպայման գալիս է: Ես հատուկ Ձմեռ պապիկ ունեմ, ինքն ամեն տարի գալիս է»,- ասաց նա:


Իսկ նոր տարուն ցանկությունը մեկն էՙ լինի խաղաղ, առանց կորուստների տարի: «Կարևորը հայ ժողովրդի համար խաղաղ ապագան է։ Խաղաղություն եմ ցանկանում»,-ասաց նա: