ԱԺ ընտրություններից հետո ձևավորված քաղաքական ներկապնակից կհասկանանք՝ ինչ սպասելիքներ ունենալ 2017-ից. Էլինար Վարդանյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը, խոսելով անցած տարվա մասին, ասել է, որ միամտություն կլինի ասել, թե 2016 թվականին ձեռքբերումներ ենք ունեցել։
«Բարդ տարի էր, նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ցանկալի չէին, խոսքն ապրիլյան պատերազմի մասին է: Լուրջ ձեռքբերում, իմ գնահատմամբ, չի եղել, բայց կարո՞ղ էինք ունենալ, անել ավելին՝ իհարկե»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ ավելին ունենալու համար միայն քաղաքական կամք է անհրաժեշտ:
Նոր տարվա սպասելիքների վերաբերյալ պատգամավորն ասաց, որ ավելի լարված տարի է լինելու, քանի որ Ազգային ժողովի ընտրություններ են: «Թերևս Աժ ընտրությունները ցույց կտան, թե ինչպիսի դասավորություն կունենա քաղաքական ներկապնակը, և դրանից էլ կհասկանանք, թե ինչ սպասելիքներ կարելի է ունենալ երկրի քաղաքական և տնտեսական զարգացումներից»,-ասաց նա:
Արված փոփոխությունները՝ Կառավարության, վարչապետի փոփոխությունը, ըստ Վարդանյանի, բավարար չէ գնահատելու համար: «Գնահատական տալու համար պետք է տեսնել և շոշափելի արդյունքներ, համենայն դեպս մենք դրա ականատեսը չենք եղել, հուսանք՝ փոփոխությունների արդյունքում նոր տարվա ընթացքում գոնե կլինեն փոփոխություններ»,-ասաց նա:
Իսկ թե ըստ նրա ընդդիմության անելիքը որն է լինելու, արդյոք բավարար է գնահատում ընդդիմության աշխատանքը, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ամեն ինչ ընդդիմության վրա բարդելը կարծես քաղաքական կատեգորիա է դարձել, որովհետև երբ իշխանությունները ձախողում են իրենց գործողություններում, փորձում են ամեն ինչ բարդել ընդդիմության վրա: Բայց պետք է հասկանալ, որ ընդդիմությունն էլ որպես բևեռ հանդես գալու խնդիր ունի և հետևաբար առաջիկա ընտրությունները ցույց կտան, թե ինչպիսի բևեռ կձևավորեն գործող իշխանություններին»:










