Բոլոր նախադրյալները կան, որ տարին բեկումնային լինի տնտեսության, հասարակության համար, մնում է կյանքի կոչել. Լևոն Մարտիրոսյան
ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Նոր տարին դիմավորել է ընտանիքի հետ, առանց ավելորդ ճոխությունների:
«Նոր տարին ընտանիքիս հետ եմ դիմավորել: Երեխաներս Ձմեռ պապիկից իրենց ուզած նվերն էլ ստացել են: Իհարկե, ավագ որդիս արդեն հասկանում է, որ Ձմեռ պապիկ չկա, բայց ի համերաշխություն փոքր տղայիսՙ ձև է արել, թե հավատում է, և միասին գրել էին նամակ, որ նա էլ չհիասթափվի»,- պատմեց պատգամավորը:
Թե ինչ են ուզել պատգամավորների որդիները, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե 3D գրիչ են ուզել: «Ես էլ նոր եմ իմացել, որ նման բան կա»,-ասաց նա և նշեց, որ իհարկե Ձմեռ պապիկը նրանց ուզածն էլ բերել է:
Լևոն Մատիրոսյանը նշեց, թե ոչ միայն պատգամավորները, այլ բոլորը պետք է համեստ ձևով նշեն Նոր տարին: «Կարծում եմ՝ ճոխ, ցուցադրության համար սեղան դնելու անհրաժեշտություն չկա, ինչի անհրաժետությունը կա, այդ պետք է գնել, օգտագործել, ավելորդությունների կարիք չկա, հատկապես այն ժամանակ, երբ ժողովրդի մի հատված կարիքավոր է, կարիք չկա որևէ ձևականությունների հետևից ընկնել»,-ասաց նա:
ՀՀԿ պատգամավորի ակնկալիքները 2017 թվականից խորհրդարանական հաջող ընտրություններն են, սահմանադրական բարեփոխումների հետագա իրագործումը: «Նաև ակնկալում եմ տնտեսական բարեփոխումներ, որպեսզի իսկապես բեկումնային տարի լինի տնտեսության, հասարակության համար, իսկ դրա համար բոլոր նախադրյալները կան, մնում է կյանքի կոչել»,-ասաց նա:
Իսկ թե չի ցանկանում մի մանդատ էլ հաջորդ խորհրդարանական ընտրություններին իր համար, պատասխանեց, թե դա իր երազանքների թվին չի պատկանում: «Կտեսնենք, ոնց կստացվի»,-եզրափակեց նա:
Նելլի Լազարյան










