Վատն էն ա, որ վերջը չի երևում. սահմանամերձ Բաղանիսի գյուղապետը տարեմուտն արդեն 5-րդ տարին է՝ դիմավորում է դիրքերում (լուսանկարներ)

18:08 • 01.01.17

ՀՀ Տավուշի մարզի սահմանապահ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը 2017 թվականի տարեմուտն արդեն 5-րդ տարին է՝ դիմավորում է դիրքերում՝ ինչպես ինքն է ասում՝ գյուղի ու երկրի սահմանը պահող զինվորների հետ:


Tert.am-ի հետ զրույցում գյուղապետն ամփոփեց անցած տարվա աշխատանքը և ներկայացրեց եկող տարուց ակնկալիքները:


Իսկ մինչ այդ ասաց, թե տոներից առաջ ավելի զգոն են լինում: «Մենք գիտենք, որ թուրքի խասյաթ է, որ պետք է ամեն տարի հարամեն, ուշադիր ենք, լարված սպասումով, ուղղակի վատն էն ա, որ վերջը չի երևում, որ իմանանք երկու տարի հետո պետք է ամեն ինչ ավարտվի, կասենք հա, մեզ նեղություն կտանք, ուղղակի վատն էն ա, որ վերջը չի երևում»,-ասաց նա:


Նարեկ Սահակյանը նշեց, որ բնական է՝ Չինարիի վերջին դեպքը չի կարող գյուղացիների տրամադրությունների վրա չազդել, բայց ասաց, որ ավանդական խոզ մորթելը, հարևանի տուն գնալը, մեկը մյուսին շնորհավորելը կա: «Էլի դիմավորել ենք, բայց նեղսրտածՙ հասկանալի պատճառներով»,-ասաց նա:


Գյուղապետը նշեց, որ ապրիլյան դեպքերի լարվածությունից հետո մինչև հիմա գյուղում համեմատաբար հանգիստ է եղել: «Առօրյա հոգսերով ենք զբաղվել»,-ասաց նա և թվարկեց կատարած աշխատանքները:


«Գյուղի խմելու ջրի հարցն ենք լուծել, 16 կմ ընդհանուր երկարությամբ ջրագիծը 263 մլն դրամ բյուջեով կառուցվել է IFAD-ի կողմից։ Կարողացել ենք «Փարոս» հիմնադրամի միջոցով բուժկետն ամբողջովին վերանորոգել և նաև արևային էներգիայով տաքացման փորձնական համակարգ ենք գյուղում միացրել, որը նորություն է գյուղի համար: Նաև կարողացել ենք գյուղի ևս մի թաղամասի գիշերային լուսավորման ցանց անցկացնել` Բաղանիսի գյուղապետարանի միջոցներով` 997.000 դրամ: Բնական գազը միացրել ենք գյուղին, 22 շահառու ունենք, նույնիսկ խորհրդային տարիներին գյուղում բնական գազ չի եղել,»,-թվարկեց նա: 


Գյուղապետը խոստովանեցՙ Բաղանիսը շահեկանորեն տարբերվում է շատ գյուղերից: «Դոնոր կազմակերպություների հետ աշխատելու փորձ ունենք, վստահություն կա, արդյունավետ է, գյուղն էլ շահում է: Բոլորդ էլ լավ գիտեք՝ անձի դերը շատ կարևոր է, ծրագրերը որ գալիս ենՙ կարևոր են, գյուղեր կան՝ ընդհանրապես բան չի փոխվել, եթե ուզում ես բան փոխես, միջոցներ ես փնտրում, ճանապարհ ես փնտրում, որ լուծում գտնես»,-ասաց նա:


Ըստ գյուղապետի՝ «Աստված հաջողի», մյուս տարի «Փարոսի» հետ կփորձեն գյուղի համար մանկապարտեզ բացել:


Նարեկ Սահակյանի մաղթանքը մեկն էՙ 2017-ին սահմաններին խաղաղություն լինի: «Թող ոչ մի զինվոր չպակասի մեզանից»,-ասաց նա:  

 

 

Image may contain: 1 person

Image may contain: 2 people, indoor

 

Image may contain: 1 person

 

Նելլի Լազարյան