Արտագնա աշխատանքի մեկնած բաղանիսցիները Ամանորին վերադառնում են տուն. hամայնքապետը՝ գյուղի ավանդույթների մասին

18:58 • 02.01.17

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում, ինչպես ամեն տարի, այս տարի ևս ամանորը նշվել է մեծ շուքով:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը: Կարճ ամփոփելով 2016-ը, Նարեկ Սահակյանն ասաց համայնքի համար նախատեսված աշխատանքներն իրականացվել են, և մի շարք ծրագրեր էլ նախատեսված են 2017-ին իրականացնելու համար:


«2017 թվականի համար արդեն պլանավորել ենք նոր մանկապարտեզի կառուցում «Փարոս» հիմնադրամի և  տարբեր դոնորական կազմակերպությունների միջոցներով: Ունենք  ոռոգման ցանցի ընդլայնման և հանդիսությունների սրահի կառուցման ծրագիր»,-ասաց Սահակյանը:

 

Նրա խոսքով՝ տարիներ առաջ  հանդիսությունների սրահի կառուցման մասին խոսելն անգամ ժամանակավրեպ էր, սակայն այժմ գյուղի բոլոր ենթակառուցվածքները կառուցված են, խմելու և ոռոգման ջրի, գազաֆիկացման և արտաքին լուսավորության խնդիրը լուծված է, և 2017-ին հանդիսությունների սրահը կկառուցվի:

 

Հարցին, թե ամանորին ի՞նչ ավանդույթներ կան գյուղում, Սահակյանն ասաց, որ նախքան ժամը 24:00-ն ինքը բարձրացել է գյուղի սահմանապահ տղաների նոր տարին շնորհավորելու, իսկ այնուհետև ամանորը նշվել է գյուղամիջում.«Մինչև չորրորդ դասարանի երեխաների Ձմեռ պապիկի կողմից նվերներ են բաժանվել, գյուղամեջին տոնածառի մոտ էլ միջոցառում է անցկացվել, որտեղ և նշել ենք նոր տարին»:

 

Նարեկ Սահակյանը խոսեց նաև իր խոսքով՝ կարևոր ավանդույթի մասին.«Յուրաքանչյուր նոր տարի արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ անպայման վերադառնում են տուն: Դա պարտադիր է»:

 

Հարցին, թե կա՞ն ընտանիքներ, որ ամանորը չեն նշել, համայնքապետն ասաց.«Նման ընտանիք չկա»:

Իսկ որպես համայնքի գլխավոր ցանկություն, Նարեկ Սահակյանն ասաց, որ իրենց համար ամենակարևորն այն է, որ սահմանները խաղաղ լինեն: