Առաջիկա ընտրություններին 10-12 կուսակցություն կմասնակցի, բայց բնակչությունը 3-4-ին է ճանաչում. սոցիոլոգ
Այս տարի գարնանը տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ հանրային հետաքրքրությունը կառաջանա ու կմեծանա, երբ դրանց մասնակցելու համար պաշտոնապես կառաջադրվեն կուսակցություններ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:
«Հիմա շատ աբստրակտ է, հասկանալի չէ՝ կմասնակցեն, թե չեն մասնակցի, ովքեր կմասնակցեն և այլն: Կարծում եմ, որ փետրվարից հստակեցում կմտցվի և հանրությունը կսկսի հետաքրքրվել ընտրություններով»,- նշեց Գևորգ Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան վերջերս ընտրությունների հետ առնչություն չունեցող հարցում է իրականացրել, որտեղ սակայն երկու հարց խորհրդարանական առաջիկա ընտրությունների մասին եղել է: Դրանց արդյունքներից, սոցիոլոգի խոսքով, պարզ է դարձել, որ մարդիկ չեզոք են վերաբերվում ընտրություններին, անտարբեր են, ավելին՝ տեղեկացված չեն:
Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների մտահոգություններին, թե ընտրություններին մասնակցող թվով շատ կուսակցությունները խառնաշփոթ են ստեղծելու հանրության շրջանում, մարդիկ այդքան անուն չեն հիշելու, իսկ կառավարման խորհրդարանական համակարգը ենթադրում է նման սցենար, ապա Գևորգ Պողոսյանն ասաց, որ կասած չկա՝ հանրությունը 10-ից 12 կուսակցություն ընտրություններին կմասնակցի, «բայց բնակչությունը ճանաչում է 3-4 կուսակցության, ընտրությունը՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի մեջ կլինի»:
«Ընտրությունը կատարվելու է գործող կուսակցությունների մեջ, նրանց միջև՝ ում ճանաչում են: Այդ նոր դաշինքները, նոր կուսակցությունները, որոնք ստեղծվել են, մարդիկ դրանց մասին չգիտեն: Օրինակ, ՔՊ-Լուսավոր Հայաստան-Հանրապետություն դաշինքի մասին ասեմ, 90 տոկոսը տեղեկություն չունի, պատկերացում չունի թե դա ինչ է»,- նկատեց սոցիոլոգը:










