ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման խոչընդոտները Մոսկվայում են, բայց դրանք պետք է հաղթահարվեն Երևանում. վերլուծաբան
Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող շրջանակային համաձայնագիրը քաղաքական գործընթաց է, սա է պատճառը, որ այն դեռևս չի ստորագրվել: Tert.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:
Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ բանակցությունները ավարտին հասցնելու ժամանակացույցը հետաձգվեց, Մեհրաբյանը պատասխանեց, որ խոչընդոտները քաղաքական են:
«Խոչընդոտող գործոնները Մոսկվայում են, բայց պետք է հաղթահարվեն Երևանում: Կան հասկանալի ու հայտնի դժվարություններ, դրա համար էլ մենք առաջընթաց չենք տեսնում, չնայած՝ դիվանագիտական հակառակ հայտարարություններ են հնչեցվում»,- ասաց վերլուծաբանը:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Ռուսաստանը հետխորհրդային տարածքը համարում է «բացառիկ գերակայության տարածաշրջան», ուստի թույլ չի տալիս, խոչընդոտում է հարաբերությունները Եվրամիության հետ, որը ՌԴ-ին տնտեսական պատժամիջոցների է ենթարկում իր ագրեսիվ քաղաքականության պատճառով:










