Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը 24 օր է չի դադարեցնում հացադուլը

20:39 • 08.01.17

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը, ով դեկտեմբերի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարած, մինչ օրս չի դադարեցրել այն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:


«Պաշտպանյալիս տեսակցել եմ այսօր, նա հացադուլը չի դադարեցրել և դադարեցնելու մտադրություն չունի: Ասում է՝ մինչև վերջ շարունակելու եմ, անգամ ասում  է, որ  առաջիկայում նաև ջրադուլ կհայտարարի»,-ասաց պաշտպանը:


Հարցին, թե առողջական խնդիրներ չունի՞, Արայիկ Պապիկյանն ասաց, որ Ներսես Պողոսյանը հայտնել է, որ ճնշումն 90­­/60 է, նաև դժվարանում է խոսել, հյուծված է:

Նշենք, որ Ներսես Պողոսյանի խոսքով՝ ինքն ապօրինի է կալանավորված  և պահանջում է փոխել խափանման միջոց կալանավորումը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը: