Մուսալեռում հայտնաբերվել են ամուսնու, կնոջ և նրանց չորս ամսական երեխայի դիերը
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնված երեք մահացածներն ընտանիքի անդամներ են՝ 1997 թ. ծնված Ա. Մ.-ն, 1990 թ. ծնված Հ. Բ.–ն և 2016 թ. ծնված Ա. Բ.-ն, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանը:
«Ընտանիքը մոտ չորս օր առաջ էր տեղափոխվել գյուղ, և ապրում էին վարձով: Բնակարանը պատկանում է գյուղից մեկ այլ բնակչի, որը տրվել էր վարձակալությամբ իր մորը, սակայն այդ պահին տան ներսում մայրը չի եղել: Բնակվել են նրա տղան, հարսն ու երեխան»,-ասաց համայնքապետը:
Նրա խոսքով՝ չորս ամսական երեխային տեղափոխել են հիվանադանոց:
«Վաղարշապատի հիվանդանոց»-ից էլ Tert.am-ին հայտնեցին, որ Մուսալեռ գյուղից իրենց մոտ է տեղափոխվել չորս ամսական երեխա՝ մահացած վիճակում:
Նշենք, որ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից փրկարարները հայտնաբերել էին երեք դի:
Ըստ Shamshyan.com–ի՝ ժամը 13։40-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի ուժեղ հոտ է գալիս։










