Լեհաստանի նախկին նախագահ Վալենսայի որդին մահացած է հայտնաբերվել իր բնակարանում. լրատվամիջոցներ

09:57 • 09.01.17

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի որդի Պշեմիսլավը մահացած է հայտնաբերվել Գդանսկում գտնվող իր բնակարանում: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով RMF ռադիոկայանին:


Ռադիոկայանի տվյալներով՝ 43-ամյա Վալենսայի մարմինը հայտնաբերել է նրա որդին, ով շտապօգնություն է կանչել: Նշվում է, որ տղամարդու մարմնին վնասվածքներ չեն երևում, փորձագետները նախնական վարկածով բացառել են նրա մահվանը երրորդ անձանց ներգրավվածությունը:


Դեպքի վայրում աշխատում են դատախազը և ոստիկանությունը, որոնք հարցաքննում են այդ թվում մահացածի հարազատներին:


Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան և նրա կինը ութ երեխա ունեն՝ չորս որդի և չորս դուստր:


Նշվում է, որ Պշեմիսլավ Վալենսան նախկինում բազմիցս դարձել է ՃՏՊ-ի մեղավոր՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար: 1995 թվականին նա դատապարտվել էր մեկ տարի և ինը ամիս պայմանական ժամկետով ազատազրկման, 2003 թվականին՝ մեկ տարի պայմանական ժամկետով ազատազրկման:


Լեխ Վալենսան նախագահել է 1990-1995 թվականներին։