Ավելի լավ է դպրոցը վերանորոգեն, ոչ թե օպտիմալացնեն. Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի տնօրեն

16:00 • 12.01.17

ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել հանրակրթական դպրոցների շենքային անմխիթար վիճակը։ Վարչապետը որպես օրինակ ներկայացրել է Շիրակի Մարզի Արթիկ քաղաքի թիվ 7 ավագ դպրոցը։

«Արթիկում հնարավորություն ունենք օպտիմալացնելու, նորմալ պայմաններ ստեղծելու: Թերբեռնված են դպրոցները, ունենք դպրոց, որի պայմանները վատ են»,- նիստի ժամանակ ասել էր Կարեն Կարապետյանը:

Tert.am-ի հետ զրուցում Արթիկի թիվ 7 միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Հարությունյանը նշեց, որ կառավարությունը մի շարք առաջարկներ ներկայացրել է, հարցը դեռ քննարկվում է։

«Վերջնական որոշում չկա, հարցը քննարկվել է Լևոն Մկրտչյանի, նաև մարզպետի հետ, մարզպետը դպրոցում եղել է, դպրոցի մի կորպուսը անմխիթար վիճակում է, չենք կարողանում օգտագործել։ Բազմիցս խնդիրը ներկայացվել է, տանիքի հիմնանորոգման համար անհրաժեշտ է 43 մլն դրամ, եթե ֆինանսավորումը տրվի, օպտիմալացման անհրաժեշտություն չի լինի, այդ պարագայում կրճատումներ էլ կարող են լինել»,-ավելացրեց դպրոցի տնօրենը՝ շեշտելով, որ ինքը անհանգստացած չէ, այն հարցով, որ օպտիմալացման պարագայում կարող է զրկվել դպրոցի տնօրենի պաշտոնից։

«Ինձ համար կարևորը դպրոցի ճակատագիրն է, ունենք 133 աշակերտ, դասերը նորմալ հունով ընթանում են՝ անկախ պայմաններից, դպրոցը կարողանում ապահովել կրթական ծրագրերը ՝ըստ պահանջվածի»,-նշեց նա։

Այս խնդրին հայտարարությամբ արձագանքել էր նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ փաստորեն կառավարությունը օպտիմալացումը սկսելու է դպրոցներից, «ուժները» նրանց վրա է պատում։

«Օպտիմալացումն անխուսափելի է, բայց պետք է արվի խելամիտ կերպով, երեխաների կրթության շահերից բխող, ոչ՝ «բալը թանկ է» կարգախոսից ելնելով: Թիվ 7 դպրոցի շենքն ավելի նպատակահարմար է պահել որպես ավագ դպրոց, քան մյուսը: Երեխաների կրթության սահմանադրական իրավունքը գերակա է, ինքներդ եք անընդհատ խոսում այդ մասին, այդ իրավունքը պետք է իրացվի բոլոր դպրոցների ֆիզիկական վիճակը բարեփոխելով։ Դրանց թիվը, ըստ 2015-ի պետական վիճակագրական տվյալների, 491 է»,-մանրամասնել է նա։

Անահիտ Բախշյանը նաև նշել է, որ պետք է զբաղվել այնպիսի ՊՈԱԿ-ների օպտիմալացմամբ, որոնք հայտնի չէ, թե ինչ գործողություն են իրականացնում։