Քաղաքացին դժգոհ է «Բարի Սամարացի» ընկերության դեմ հարուցված գործի արդյունքներից, մյուս կողմը պնդում է, որ իրեն զրպարտում են

21:43 • 12.01.17

Քաղաքացի Գայանե Մաթևոսյանը բոլորի ուշադրությունը ցանկանում է հրավիրել, իր խոսքով՝ այն հանգամանքի վրա, որ իրավապահ մարմինները, փաստարկներ չունենալով, քրեական գործ են կարճում:

Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ «Բարի Սամարացի» ընկերության ղեկավար Հովհաննես Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործը՝ ուրիշի գույքը ապօրինի տնօրինելու մասին, կարճվել է:

«Ես բողոքել էի, որ հորաքույրս հայերեն գրել-կարդալ չգիտի, ես կասկածում եմ, որ ինքը պայմանագիր է ստորագրել: Ուղարկեցինք ձեռագրաբանական, այնտեղից եկավ, որ ինքը չի գրել այդ հայերենը, ստորագրությունն իրենն է, իսկ հայերենն իրենը չի: Հարևաններից մեկն էլ վկայություն տվել, որ ինքը հայերեն գրել-կարդալ գիտի, բայց շատ ուրիշ մարդիկ կան, որ կարող են վկայել, որ նա դա չգիտեր: Ինքը փաստորեն չի գրել այդ թղթի մեջ իր անուն-ազգանունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Tert.am-ը անդրադարձել էր թեմային, որ Գայանե Մաթևոսյանը կասկածում է «Բարի Սամարացի» ընկերության ղեկավար Հովհաննես Հովակիմյանին իր հորաքրոջ՝ Սուսաննա Աբրամովայի տանը խարդախությամբ տիրանալու և մահվան պատճառը դառնալու մեջ:

Գայանե Մաթևոսյանի համար գործով եղած ցուցմունքները հեքիաթ են թվում, նա ասաց, որ նորմալ չէ, որ իրավապահ մարմինները հիմնվում են միայն խոսքերի վրա:

«Հովհաննես Հովակիմյանն ասել է, որ մենք միմյանց վստահել ենք, և դրա հիման վրա է առքուվաճառքը կայացել: Ոչ մի փաստաթուղթ գործում գոյություն չունի, առքուվաճառքի ստացական չկա, նոտարից թուղթ չկա, ուղղակի կադաստրի պայմանագրով տունն անցել է Հովիկ Հովակիմյանի որդուն»,- պատմեց նա՝ նշելով, որ անգամ պայմանագիրը ռուսերեն թարգմանություն չի ունեցել, չնայած այն հանգամանքին, որ իր հորաքույրը հայերեն կարդալ չի իմացել:

Հովհաննես Հովակիմյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը գնել է տունը՝ վճարելով օրինական ճանապարհով 23 միլիոն դրամ, մինչ կադաստրով գործարքը կնքելը մաս-մաս գումարը վճարել է, իսկ վերջին 3 միլիոնը պետք է վճարեր Գերմանիա մեկնելու համար։ Սակայն կինը մահացել է, և գումարը ծախսվել է հուղարկավորության արարողության համար։

Գայանե Մաթևոսյանը դրա հետ կապված ասաց. «Այդ ի՞նչ թաղում պետք է լինի, որ 3 միլիոն ծախսվեր: Բացի այդ՝ հորաքույրս ոչ լավ սոցիալական վիճակում էր, նա իր հարևանների մոտ է դա ասել, այդ պատճառով չեմ հավատում, որ Հովհաննես Հովակիմյանը մաս-մաս է վճարել: Հորաքրոջս վատ սոցիալական վիճակի մասին վկայում են իր հարևանները. նրա կոյուղին լցված է եղել,հարևանները գումար են հավաքել և նրանից էլ են ուզել: Նա ասել է՝ ես անգամ հացի գումար չունեմ, որտեղի՞ց տամ: Այդ հարևանը չի հարցաքննվում»,- ասաց նա՝ հավելելով, որ ցուցմունքում ասվածն ու պայմանագրում նշվածը տարբերվում են իրարից․ պայմանագրում նշված է, որ գումարն ամբողջովին վճարված է, իսկ ցուցմունքում ասված է, որ մաս-մաս է վճարել:

Հիմա Գայանե Մաթևոսյանը ցանկանում է հրավիրել խնդրի վրա երկրի նախագահի և գլխավոր դատախազության ուշադրությունը, իր խոսքով՝  իրավապահ մարմինների բացթողումների վրա։

Tert.am-ը զրուցեց նաև «Բարի Սամարացի» ընկերության ղեկավար Հովհաննես Հովակիմյանի փաստաբանի Վաղինակ Աթոյանի հետ: Նա նշեց, որ Գայանե Մաթևոսյանը դիմել է քննչական մարմինների, հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվել, քննության արդյունքում քննիչը կայացրել է որոշում:

«Քրեական գործի նյութերով պարզվել է, որ այդ կնոջ ասածը զրպարտանք է, ոչինչ չի հիմնավորվել, քրեական գործի վարույթը կարճվել է, կարճման որոշումը ուղարկվել է կողմերին: Այնտեղ բացատրված է, որ կողմերը եթե բավարարված չեն որոշումով, իրավունք ունեն բողոքարկել դատական կարգով,- ասաց նա՝ հավելելով, որ եթե որոշումը Գայանե Մաթևոսյանին չի բավարարում, կարող է դիմել վերադաս մարմինների, բողոքարկել որոշումն օրենքով սահմանված կարգով,-օրենքը թողած, սրա-նրա կարծիքն արտահայտել..., դրանով մարդու հեղինակության հետ եք խաղում»:

Դիտարկմանը, թե քաղաքացին իրավապահ մարմիններին չի հավատում, դրա համար է դիմել լրատվամիջոցներին, նա պատասխանեց․«Թող դիմի դատախազություն, լրատվական միջոցները չէին կարող հարցին իրավական լուծում տալ»:

Վաղինակ Աթոյանը նաև նշեց, որ Գայանե Մաթևոսյանը սպառնացել է Հովհաննես Հովակիմյանին, գումար է պահանջել նրանից, և քանի որ իր ուզածը չի ստացել, դիմում է նման միջոցների: