Գերմանիայում գնացքը դուրս է եկել գծերից՝ բանկոմատի բախվելու հետևանքով (լուսանկարներ)

15:24 • 12.01.17

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի Դինսլակեն քաղաքում բեռնատար գնացքը դուրս է եկել գծերից, երբ բախվել է երկաթգծերին ընկած բանկոմատին:

Ինչպես նշում է Express-ը` հղում անելով ոստիկանության ներկայացուցչին, անհայտ անձինք բանկոմատը գցել են գծերի վրա, որպեսզի այն բացվի: Բախման հետևանքով գծերից դուրս է եկել առաջին վագոնը, որում եղել են գնացքի վարորդն ու նրա երկու օգնականը: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Նախնական տարբերակի համաձայն` հանցագործները մտադիր են եղել վերցնել բանկոմատի գումարը, սակայն փախուստի են դիմել միջադեպից հետո: Բախման հետևանքով բանկոմատը ջարդվել է, և դրանում եղած թղթադրամներն ու մետաղադրամները դուրս են թափվել: Ոստիկանության աշխատակիցները հավաքել են դրանք:

Նշվում է, որ բեռնատար գնացքը տեղափոխել է այդ թվում գազ և դյուրավառ հեղուկներ: Միջադեպի հետևանքով արտահոսք տեղի չի ունեցել: