«Ինձ համար միևնույն է՝ ով կառաջադրվի Շիրակում». Ֆելիքս Ցոլակյանը Սամվել Բալասանյանի որդու առաջադրման մասին
Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը Tert.am-ի հարցին ի պատասխան վստահեցրեց, որ ինքը դեմ չէ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու առաջադրմանը խորհրդարանական ընտրություններին:
«Ինձ համար միևնույն է՝ ով կառաջադրվի Շիրակում, ինչ կանի: Ինձ համար շատ նորմալ է, ցանկացած մարդ իրավունք ունի դնելու, ցանկացած մարդ ունի հնարավորություն»,-ասաց Ցոլակյանը։
«Փաստ» օրաթերթն այսօր գրել է, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «պրիզնատ» չի գալիս ցուցակ կազմելու հարցում Ցոլակյանի «մենաշնորհը», քանի որ ուզում է իր կրտսեր որդուն ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձնել, իսկ իր սկզբունքայնությամբ հայտնի Ֆելիքս Ցոլակյանը դեմ է դրան:
Ֆելիքս Ցոլակյանը չի հերքում, որ կառաջադրվի Շիրակից խորհրդարանական առաջիկա ընտրություններում:
«Հավանական է, որ առաջադրվեմ ռեյտինգայինով»,-Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Ցոլակյանը՝ հավելելով, որ վերջնական որոշում կկայացնի առաջիկա 10 օրվա ընթացքում:
Մամուլը նաև գրել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակի կազմումը վստահվել է Շիրակի նախկին մարզպետ, այժմ ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ Ֆելիքս Ցոլակյանին:
Այս տեղեկությունը, սակայն, նախկին մարզպետը հերքեց Tert.am-ի հետ զրույցում՝ հավելելով, որ ինքը տեղյակ չէ՝ ովքեր են պատրաստվում առաջադրվել Շիրակից. «Ցուցակի մյուս անդամների հետ կապված տեղեկություն չունեմ: Ես դեռ ոչ մի բան չգիտեմ, կոնկրետ ոչինչ չկա դեռ: Կոնկրետ կլինի երևի էս ամսվա վերջում» :
Հարցին, թե ինչու է որոշել թողնել նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի գործը և պատգամավոր ընտրվել, Ցոլակյանը չպատասխանեց. «Հիմա չեմ ուզում խոսել, երբ որ կլինի արդեն, հետո կխոսեմ»:
ՀՀԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել պատրաստվող Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ-ական չէ: Հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀՀՅ-ական դառնա, բացասական պատասխան տվեց. «Չեմ կարծում»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ շանսեր ունի ՀՀԿ-ն Շիրակում, քանի որ պարբերաբար պարտվել է Շիրակում ու Գյումրիում, և սոցիալական վիճակը չի բարելավվել. «Երբ կդնեմ թեկնածությունս, պատրաստ եմ էդ բոլոր հարցերին պատասխանել: Իրավիճակին շատ լավ տեղյակ եմ, ամեն ինչ գիտեմ, գիտեմ պրոբլեմները Շիրակի մարզի, գիտեմ մարդկանց պրոբլեմները, ճանաչում եմ մարդկանց, և էդ պրոբլեմների լուծման հետ կապված բոլորն էլ պետք է ջանքեր թափեն, հիմա ես էլ եմ ուզում իմ ջանքերը ներդնեմ էդ հարցում, եթե որոշեմ»:
Դիտարկմանը, թե ստացվում է՝ վերահսկողական ծառայության ղեկավարի գործն այդքան էլ իր սրտով չէ, Ցոլակյանը նման պատասխան տվեց. «Ո՞վ է ասել, ի՞նչ կապ ունի՝ սրտով է, սրտով չի: Ինչի մարդիկ իրավունք չունե՞ն մի գործը փոխել մյուսով: Ես պետական պաշտոնյա եմ, իմ աշխատանքն եմ կատարում»:
Հարցին, թե կարծում է՝ շիրակցիներն իրեն սպասո՞ւմ ու հիշո՞ւմ են, ասաց. «Երբ որ գնամ Շիրակ, կզգամ դա, երբ առաջադրվեմ»:










