Ջոն Քերին կարճաժամկետ այցով ժամանել է Վրաստան

14:14 • 12.01.17

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարճաժամկետ այցով Վրաստան է ժամանել: Նրա ինքնաթիռը «տեխնիկական վայրէջք» է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, գրում է Грузия Online-ը:


Ինչպես հայտնել է Վրաստանի արտգործնախարարությունը, Պետդեպի ղեկավարը հանդիպում է անցկացրել Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանիի հետ:


«Զրույցի ընթացքում կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կարևոր նշանակությունը: Արտգործնախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Վրաստանին աջակցելու և անձամբ Ջոն Քերիին՝ վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների խորացման մեջ ներդրում ունենալու համար»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում:


Իր կողմից, ամերիկացի դիվանագետը նշել է ժողովրդավարության զարգացման ճանապարհին Վրաստանի տպավորիչ առաջընթացը: ԱՄՆ պետքարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանում Վրաստանի կարևոր դերը:


Ջոն Քերին հաջողություն է մաղթել Վրաստանի կառավարությանը և անձամբ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին, նշել են ԱԳՆ-ում:


Ջոն Քերին, ով շուտով հեռանալու է իր պաշտոնից՝ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխության պատճառով, վերջին անգամ պաշտոնական այցով Թբիլիսի էր այցելել 2016 թվականի հուլիսին:


Ինչպես հայտնել է նրա գրասենյակը, հունվարի 13-18-ին Ջոն Քերին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր վերջին շրջագայությունն է իրականացնում Վիետնամում, Ֆրանսիայում, ԱՄԷ-ում և Շվեյցարիայում: